Թերթը գրում է, որ Երեւանում գործող ձայնասկավառակների եւ ձայնագրման ստուդիաների սեփականատերերը դժգոհ են ԱԺ ընդունած եւ նախագահի ստորագրած «Հսկիչ նշանների, տեսաձայնային եւ մագնիսական միջոցով պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքից, որն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:

Խանութների սեփականատերերը փաստում են, որ սկզբնական շրջանում նրանց ասել են, որ օրենքը նպատակ ունի պաշտպանել հայ հեղինակին, հայ կատարողին: Նրանք հանդիպել են շուրջ երկու տասնյակ պատգամավորների, ովքեր վստահեցրել են, որ սույն օրենքը չի տարածվելու արտասահմանից ներկրվող ձայնա եւ խտասկավառակների վրա: Ստացվում է, այնպես, որ պատգամավորներն էլ տեղյակ չեն եղել օրենքի մանրամասնություններին եւ ամենայն հավանականությամբ առանց կարդալու կողմ են քվեարկել օրինագծին:

Մինչդեռ գարնան առաջին օրվանից ուժի մեջ մտնող օրենքով արտասահմանից ներկրվող սկավառակները պետք է ձեռք բերված լինեն արտադրողից եւ ունենան համապատասխան պայմանագիր:

…«HI-FI» եւ «Disc world» խանութների սեփականատերերը դիմել են մոսկովյան մի շարք արտադրողների` պաշտոնապես արտադրանք ներկրելու համար, սակայն նրանք հումորով եւ սարկազմով են ընդունել հայ գործընկերների այդ պահանջն ու ծիծաղել, որ Հայաստանի նման փոքրաթիվ շուկա ունեցող պետության համար պետք է պայմանագիր կնքել ու պաշտոնապես ձայնասկավառակ վաճառել: Միջազգային արտադրողներից ստացած բացասական պատասխանն էլ ավարտվել է հարցով. «Իսկ որտե՞ղ է Հայաստանը»:

«Մարտի 1-ից արգելվելու է առանց ակցիզային դրոշմանիշի ձայնա եւ խտասկավառակների վաճառքը, սակայն մինչ այսօր խանութի սեփականատերերը չգիտեն, թե ումից պետք է ստանան ակցիզ եւ ինչ մեխանիզմով է դա կիրառվելու»,- գրում է «Ազգը»: