Ավտոմոբիլային հսկա Nissan-ն աշխատակիցներին ուղղված նամակում հաստատել է իր մտադրությունը ստեղծել X-Trail նոր սերնդի քրոսսովերը Ճապոնիայում, ոչ թե Մեծ Բրիտանիայի Սանդրելենդ քաղաքում կոնցեռնի գործարանում, հաղորդում է  Press Association-ը:

Ինչպես նշում է պարբերականը՝ այդ որոշումը հերթական ջախջախիչ հարվածն էր Մեծ Բրիտանիայի ավտոարդյունաբերության համար, որը լարված սպասում է բրեքսիթի իրավիճակի հանգուցալուծմանը:

Աշխատակիցներին ուղղված նամակում ընկերության նախագահ Ջանլուքա դի Ֆիչին հայտնել է, որ շատ բան է փոխվել այն պահից, երբ ընկերությունը հայտարարել էր իր ծրագրերը քրոսսովեր եւ 2016 թվականին Qashqai-ի նոր մոդել ստեղծելու մասին:

«Ինչպես գիտեք, այդ ժամանակից Եվրոպայում ավտոարդյունաբերության աշխարհը ենթարկվել է դրամատիկ փոփոխությունների: Էմիսիայի փոփոխվող պահանջները հաղթահարելու համար մենք ստիպված էինք շատ ավելի մեծ ներդրումներ կատարել մեր ապագա նոր այնպիսի մոդելների մեջ, ինչպիսին է X-Trail–ը: Միեւնույն ժամանակ X-Trail մոդելների վաճառքի ծավալների կանխատեսումները նվազել են»,-ընդգծել է ընկերության ղեկավարը:

Պարբերականը նշել է՝ շատերը համարում են, որ ավտոկոնցեռնի այդ որոշումը բրեքսիթի շուրջ ստեղծված իրավիճակի արդյունք է: