Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօր՝ փետրվարի 4–ին հրապարակեց «Զիբիլիքս» անվանումը ստացած՝ Երեւանի ավագանու 2017 թ մայիսի 14-ի ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու եւ դրան օժանդակելու գործով դատավճիռը:

Դատավճռով՝ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտրական շտաբի պետ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը դատապարտվեցին տուգանքի՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:

Գործով անցնող մյուս ամբաստանյալները՝ Արմեն Ազոյանը, Երվանդ Բեգլարյանը, Աշոտ Գեւորգյանը, Հովհաննես Գալստյանը, Մինաս Շահինյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Հակոբյանը դատապարտվեցին 2 միլիոն 300 հազար դրամ տուգանքի, իսկ Հեղինե Փոքրարյանն էլ  դատապարտվեց 2 միլիոն 250 հազար դրամ տուգանքի:

Նշենք, որ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը միջնորդել էր 3-ական տարվա ազատազրկման դատապարտել Հրայր Անտոնյանին եւ Ստեփան Սահակյանին։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւանի ավագանու 2017 թ մայիսի 14-ի ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու եւ դրան օժանդակելու համար  մեղադրանք էր առաջադրվել 11 անձի։

Հիշյալ քրեական գործը դեռ 2017-ի հուլիսին կարճվել էր՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: ԵԼՔ-ը բողոքարկել էր ՀՔԾ-ի որոշումը եւ 2018թ. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա՝ դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` քրեական գործով նախաքննություն կատարելու համար: