Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում համայնքային սեփականությանը պատճառված վնասները պետք է վերականգնի պատահարի մեղավորը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ՀՀ ճանապարհային ոստիկանությանն առաջարկվել է համապատասխան արձանագրությունները կազմելու ժամանակ դրանց մեջ ներառել նաեւ համայնքին պատճառված վնասի փաստը:

«Ամեն քաղաքացի պետք է իմանա, որ օրենքը խախտելով միայն իր մեքենայով չի սահմանափակվում: Այդ ամեն ինչն, ի վերջո, մենք ենք անում մեր բյուջեից, բայց իրենց սխալն ինչո՞ւ պետք է մյուս քաղաքացիներն ուղղեն: Ակնհայտ է, որ սխեման չի գործում եւ այդ սխեման պետք է աշխատեցնել»,- նշել է քաղաքապետը:      

Բավարար գնահատելով փետրվարի 2-ին տեղացած ձյան մաքրման կազմակերպումը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար եւ հույս հայտնել, որ հնարավոր ձյան տեղումների դեպքում ձնամաքրումը նույն տեմպով եւ որակով կիրականացվի:

Զրոյից ցածր ջերմաստիճանի դեպքում հաճախ ճանապարհներին առաջացած մերկասառույցի պատճառ են դառնում փողոցներին մոտ տեղակայված  ավտոլվացման եւ ծաղկի վաճառքի կետերը, որտեղից ջուրը հոսում է երթեւեկելի հատված: Հանձնարարվել է լինել հետեւողական եւ քայլեր ձեռնարկել ջրի բաց թողումը սահմանափկելու եւ արգելելու ուղղությամբ:

Նախորդ շաբաթ Երեւանի քաղաքապետարանի, վարչական շրջանների եւ  կառուցվածքային ստորաբաժանումների «թեժ գծի» հեռախոսահամարներով թափառող շների վերաբերյալ ստացվել է 131 ահազանգ՝ 14-ով ավելի նախորդ շաբաթվա համեմատ: Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ պատրաստ է թափառող կենդանիների խնդրով զբաղվող ՀՈԱԿ-ի ստեղծման նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի ավագանու հաստատմանը: Նշվել է նաեւ, որ մինչեւ համայնքային կլինիկայի կառուցումը՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ՝ գործընթացը սկսելու վերաբերյալ:  

Երեւանում փողոցային առեւտուրը վերացնելու նպատակով իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ ու կանոնակարգված կազմակերպելու հարցում Հայկ Մարությանը կարեւորել է քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցների փոխգործակցությունը:

Ամփոփվել են 2019թ. հունվար ամսվա պլանային եւ հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երեւան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 116%: Այս ցուցանիշն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 213 մլն դրամով: