Գերմանական Germania ավիաընկերությունը եւ նրա Germania Technik Brandenburg, Germania Flugdienste դուստր ընկերությունները Բեռլինի դատարանում հայտարարել են սնանկացման մասին։ Ընկերությունը երեքշաբթի՝ փետրվարի 5-ից դադարեցրել է թռիչքները, տեղեկացնում է «Նեմեցկայա վոլնա»-ն։
Germania-ի գլխավոր տնօրեն Կարսթեն Բալկեն շնորհակալություն է հայտնել ընկերության բոլոր աշխատակիցներին կատարած աշխատանքի համար եւ ներողություն խնդրել ուղեւորներից, որոնք արդեն տոմսեր էին գնել, բայց չեն կարող օգտվել դրանցից։
Ավիափոխադրողը սնանկ ճանաչվելու անհրաժեշտությունը բացատրում է նրանով, որ անցած տարվա ամռանը կտրուկ բարձրացել են կերոսինի գները, միաժամանակ իջել է եվրոյի փոխարժեքը դոլարի հանդեպ, բացի այդ՝ ինքնաթիռների մատակարարման լուրջ դանդաղումներ են եղել, իսկ ընկերության ավիապարկը տեխնիկական ծառայությունների կարիք ուներ։
Ավիաընկերությունը 15 մլն եվրոյի կարիք ունի, հունվարին ֆինանսական խնդիրների պատճառով այն չի կարողացել վճարել 1,1 հազար աշխատակիցների աշխատավարձը։ Ընկերությունն ընդամենը 37 ինքնաթիռ ունի, կատարում է չվերթներ Դյուսելդորֆից եւ Մյունսթերից։ Շուկայից անցած տարի Air Berlin-ի հեռանալու ֆոնին Germania-ն ավելացրել էր չվերթների թիվը գրեթե 40 տոկոսով, ինչպես նաեւ նախատեսում էր նոր գլխավոր գրասենյակ կառուցել «Բեռլին-Բրանդենբուրգ» նոր օդանավակայանի շրջանում։




























