Գյումրիի Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բնակարանում նախօրեին կախված հայտնաբերված 33–ամյա Գոռ Մանուկյանը թեթև ատլետ էր, «Գյումրու ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» մարզիչ։ NEWS.am–ի տեղեկություններով՝ նա ամուսնացած չէր, բնակվում էր մոր հետ։

NEWS.am–ի հետ զրույցում «Գյումրու ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն Լեռնիկ Եղիազարյանն ասաց, որ Մանուկյանը, որպես մարզիչ իրենց մարզադպրոցում աշխատում էր 2007թ.–ից։

«Շատ լավ մարզիկ էր, տարբեր մրցաշարերի մրցանակակիր է եղել, բանակից զորացրվելուց հետո աշխատանքի է անցել ատլետիկայի մարզադպրոցում։ Պարտաճանաչ, իր աշխատանքին նվիրված մարզիչ էր, բոլորս ապշած ենք, չգիտենք, թե ինչը կարող էր նրան դրդել նման քայլի»,–ասաց նա։

Եղիազարյանի խոսքով՝ Մանուկյանը երբեք չի բարձրաձայնել ֆինանսական կամ անձնական խնդիրների մասին, միայն հայտնել է, որ այս տարի պատրաստվում էր ամուսնանալ։

«Մենք չենք լսել, որ նա պարտքերի մեջ թաղված լիներ կամ սեր ունենար ալկոհոլի հանդեպ, շատ լավ մարդ էր»,–ասաց նա։

Եղիազարյանն ասաց, որ մարզիչի հետ վերջին անգամ զրուցել է շաբաթ օրը։

«Վերջին օրերին աշխատանքի չի եկել, ասում էր, որ թոքաբորբ է տանում, դրա համար չի գալիս, երեկ ժամը 15։30–ին իր պարապմունքի ժամն էր, տեսանք չկա՝ ուզում էինք զանգել, այն էլ լուր ստացանք, որ նման բան է տեղի ունեցել»,–ասաց նա։

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019 թ. փետրվարի 4-ին՝ ժամը 16:45-ին,  ՀՀ ոստիկանության  օպերատիվ կառավարման  կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հարևանությամբ բնակվող տղան  բնակարանում կախվել է:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ  Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակարաններից մեկի  միջանցքում՝ հյուրասենյակի դռան վերևից  անցնող գազի  խողովակից  վզնոցով կախված  վիճակում, հայտնաբերվել է  Շիրակի մարզի՝ 1986 թվականին ծնված բնակչի դին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: