Անհրաժեշտ է վերանայել Հայաստանում կրթական ստանդարտները, այլ ոչ թե կրճատել դպրոցական ծրագրի առարկաների թիվը: Փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին  ասաց նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով՝ վերջերս Հայաստանում  լուրեր են շրջանառվում դպրոցական ծրագրից այնպիսի առարկաների կրճատման մասին, ինչպիսիք են  «Շախմատը» եւ «Հայ եկեղեցու պատմությունը»:

Բախշյանը կարծում է, որ կրթության ոլորտն ընդհանուր առմամբ դիագնոստիկայի կարիք ունի, որից հետ ԿԳՆ-ն պետք է ստանդարտների փոփոխության նպատակով ահռելի աշխատանք տանի: Սակայն այժմ հասարակական գործիչը այս ուղղությամբ կոնկրետ գործողություններ չի տեսնում: Ավելին՝ ըստ նրա դպրոցական ծրագրից որոշ առարկաների բացառումից կտուժի երեխաների կրթության եւ դաստիարակության համակարգը:

««Հայ եկեղեցու պատմությունը» շատ կարեւոր է, սակայն ինչպես եւ այլ դիսցիպլինների դեպքում, հարկավոր է փոխել դասավանդման չափորոշիչները եւ դասագրքերի բովանդակությունը: Այս առարկան դասավանդող ուսուցիչների հետ կապված խնդիր կա, սակայն սա չի նշանակում որ այն պետք է հանել: Ավելին՝ եթե հոգեւորականը կարող է եկեղեցու պատմությունն ավելի հետաքրքիր ներկայացնել, ապա նրան կարելի է եւ պետք է հրավիրել», – համոզված է նախկին պատգամավորը:

Անահիտ Բախշյնը, հավանաբար մոռանալով հայկական պետության աշխարհիկ բնույթի մասին, նաեւ նշեց, որ համաձայն չէ ԿԳ նախարարի այն տեսակետի հետ, որ հոգեւորականները անելիք չունեն ուսումնական հաստատությունների, մասնավորապես դպրոցների տարածքում: Միեւնույն ժամանակ,  նա հավելեց, որ եթե այդ դասը վիրավորում է որեւէ մեկի կրոնական զգացումները, ապա սովորողները պետք է հնարավորություն ունենան դիմում գրել եև չմասնակցել այդ դասերին:

Բախշյանը նաեւ չի հասկանում, թե ինչու է այդքան ինտենսիվ քննարկվում «Շախմատը» դպրոցական ծրագրից բացառելու հարցը: Նրա կարծիքով, այս առարկայի դասավանդումը Հայաստանի կրթական համակարգի ձեռքբերում է եւ օրինակ շատ երկրների համար: Միեւնույն ժամանակ նա խոստովանեց, որ երբեմն այս առարկան պատահական մարդիկ են դասավանդում, որոնք չեն կարողանում շփվել երեխաների հետ: