Դինոզավրերի նոր տեսակի մնացորդները, որոնք գիշատիչներին վախեցնում էին մեջքի երկար փշերով, հայտնաբերվել են Արգենտինայում, տեղեկացնում է Phys.org ինտերնետ պորտալը՝ հղում կատարելով հետազոտողներին։
Ինչպես նշվում է, խոտակեր դինոզավրի գլխի եւ պարանոցի կմախքը, որն ապրել է մոտավորապես 140 միլիոն տարի առաջ, հայտնաբերվել է արգենտինական Պատագոնիայում։ Գտածոյի վերականգնված տարբերակը ցուցադրվել է Բուենոս Այրեսի գիտամշակութային կենտրոնում։ Դինոզավրի նոր տեսակը ստացել է Bajadasaurus pronuspinax անվանումը։
«Մենք ենթադրում ենք, որ այդ երկար, շատ երկար ու բարակ փշերը Bajadasaurus-ի, ինչպես նաեւ cazaui տեսակի ամարգազավրերի մեջքին ու պարանոցին ծառայել են գիշատիչներին վախեցնելու համար»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Պաբլո Գալինան։
Գիտնականը նաեւ նշել է, որ փշերը կարող էին բաց ոսկրեր լինել կամ էլ կարող էին ծածկված լինել կաշվով։ Բացի այդ, դրանք կարող էին ունենալ կերատինային թաղանթ, ինչպես շատ կաթնասունների եղջյուրները։ «Գուցե հարվածի կամ այլ կենդանիների հարձակման դեպքում դրանք հեշտությամբ կոտրվում էին»,- նշել է հետազոտողը։
Փորձագետները ենթադրում են նաեւ, որ փշերը մասնակցել են կենդանու մարմնի ջերմաստիճանի կարգավորմանը եւ էլ ավելի հրապուրիչ դարձրել հակառակ սեռի համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։




























