Փետրվարի 4–ի լույս 5-ի գիշերը Կապանում «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության հրկիզված «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ուղարկվել է փորձաքննության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ կատարվածը պայմանավորված է իր մասնագիտական գործունեության հետ։
Ալեքսանյանի կարծիքով՝ կատարվածը հնարավոր է առնչություն ունենա վերջին ամիսներին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գործունեության վերաբերյալ թերթի հրապարակումներին։
«Միայն այսօր Քաջարանի կոմբինատի ղեկավարները քաղաքացիական 13 հայց ունեն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի եւ թերթի հիմնադիր «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի»,–ասաց նա։
Ալեքսյանյանն ասաց, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ լավ հարաբերություններ ունի, և կարծում է՝ նա նույնպես տեղյակ է վերջին երկու տարում թերթի շուրջ տեղի ունեցած զարգացումներից։
Նա նշեց, որ դեպքից հետո իրեն են զանգահարել վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները, Կապանի համայնքապետը, տարածքից ընտրված պատգամավորը և հետաքրքրվել միջադեպով։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 5.20-ի սահմաններում, Կապանում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության «Նիվա» մակնիշի 831 ԼԼ 01 պետհամարանիշի մեքենան․ հաղորդում է թերթի կայքը:
Մեքենան հրկիզվել է Շահումյան 20 շենքի բակում. այդ շենքի 2-րդ հարկում է տեղակայված թերթի խմբագրատունը:





























