Մայրաքաղաքի բնակիչներն արդեն այսօրվանից հնարավորություն ունեն ծանոթանալու Երեւանի 2018 թվականի բյուջեի կատարման եւ զարգացման ծրագրով  իրականացված աշխատանքների հաշվետվություններին: Երեւանի քաղաքապետին կից Երեւանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի ընթացքում համառոտ ներկայացվել են նաեւ կատարված աշխատանքների ընդհանուր ծավալները:

Անդրադառնալով բյուջեի տնտեսումներին՝ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ընդգծել է, որ 2018-ի ընդհանուր տնտեսումը կազմել է ավելի քան 7 մլրդ դրամ:

Նշվել է նաեւ, քաղաքապետարանը քննարկում է սոցիալական հոլովակների թողարկումը, ինչը բնակիչներին կօգնի ոչ միայն տեղեկանալ, թե ինչպես են տնօրինվում հավաքագրվող գումարները, այլեւ` ինչ կարեւոր նշանակության ծրագրեր են իրականացվում դրանց շնորհիվ:

Հաշվետվությունները ներկայացված են հանրային քննարկման: Ծանոթանալ դրանց, ներկայացնել դիտողություններ եւ առաջարկներ հնարավոր է քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքի հայտարարություններ բաժնում, կամ նամակներ ուղարկել նշված [email protected] եւ [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաեւ գրավոր ներկայացնել քաղաքապետարան:

Փետրվարի 20-ին` ժամը 11:00-ին էլ քաղաքապետարանում (Արգիշտիի փողոց 1) կանցկացվեն  հանրային բաց լսումներ: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչեւ փետրվարի 18-ը ներառյալ ներկայացնել դիմում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 514-155 եւ (011) 514-370 հեռախոսահամարներով: