Մարտի 24-27-ը Ռումինիայի Յասսի քաղաքում տեղի կունենա մինչև 17 տարեկանների hանդբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը, որին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը: Նրա մրցակիցները կլինեն Հոլանդիայի, Իսրայելի հավաքականներն ու առաջնության հյուրընկալողները, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականն այս առաջնությանը պատրաստվում է սկսած 2010 թվականի սեպտեմբերից: Հավաքականի գլխավոր մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի խոսքով, թիմում հիմնականում հանդես են գալիս մինչև 16 տարեկան մարզուհիներ: Այժմ Հայաստանում 15 աղջիկ է մարզվում, իսկ ևս 5-ը պատրաստվում են Ֆրանսիայում: Մարտի սկզբին հավաքականը կմեկնի Ֆրանսիա, որտեղ կշարունակի մարզումներն ամբողջական կազմով: Դրանից հետո պարզ կդառնան այն մարզուհիների անունները, որոնք էլ կմեկնեն Ռումինիա:

Առաջնությունից հետո հավաքականը Վրաստան կմեկնի, որտեղ ստուգողական հանդիպումներ կանցկացնի այդ երկրի հավաքականի հետ: