Սաուդյան Արաբիան պատրաստվում է սկսել շրջագայություն քարայրներում։ Ճանապարհորդներին կառաջարկվեն 5 եզակի կրաքարային քարայրներ՝ Էր Ռիադից 200 կիլոմետր հեռավորության վրա, տեղեկացնում է Turizm-ը՝ հղում կատարելով Lonely Planet-ին։

Սաուդյան Արաբիան շարունակում է զարգանալ զբոսաշրջային ուղղությամբ։ Տեղի երկրաբանական ծառայությունը (SGS) ծրագրում է կարեւոր դեր խաղալ օտարերկրյա հյուրերի թվաքանակի ավելացման գործում։ Հատուկ այդ նպատակով ընտրվել են հինգ քարայրներ, որոնք էկոտուրիզմի սիրահարների համար կբացվեն 2019 թվականին։

Էր Ռիադից 200 կիլոմետր հյուսիս գտնվում է Աս Սուլբ Քարսթ սարահարթը, որտեղ են գտնվում երկրի կրաքարի ամենամեծ խտությունն ունեցող քարայրները։ SGS գնահատականներով՝ քարայրների բացումից հետո այստեղ կարող են ընդունել օրական ավելի քան 1000 այցելուների՝ մայրաքաղաքին մոտ գտնվելու պատճառով։ Ներկա պահին երկրաբանները որոշել են զբոսաշրջիկների համար հասանելիության կետը։ Բայց առայժմ չեն գովազդվում քարայրների անուններն ու գտնվելու վայրը՝ զգուշանալով ժամանակից շուտ մարդկանց հոսքից։

SGS ներկայացուցիչները նշել են, որ քարայրները բնական ազգային գանձեր են, իսկ դրանց շրջակայքը՝ կարեւոր եւ փուխր էկոհամակարգեր։ Ուստի, անհրաժեշտ է պահպանել դրանք։

Ներկա պահին երկրաբանական ծառայության աշխատակիցներն աշխատում են, որպեսզի քարայրները հասանելի եւ հետաքրքիր լինեն։ Ինչպես նաեւ սովորեցնում են ուղեվարներին։