Վենետիկը շարունակում է հնարել տարատեսակ արգելքներ եւ կանոններ զբոսաշրջիկներից փրկվելու համար: Քաղաքը, որի բնակիչների թիվը պաշտոնապես կազմում է շուրջ 60 հազար մարդ, տարեկան գրեթե 30 մլն զբոսաշրջիկ է ընդունում, հաղորդում է ԱՏՕՌ-ը:
Քաղաքապետ Լուինջի Բրունյարոն հայտարարել է, որ 2019 թվականի մայիսի 1-ից քաղաքի հյուրերը, որոնք նախատեսում են գիշերել այնտեղ, մուտքի հարկ կվճարեն 3 եվրոյի չափով, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից այդ գումարը կավելանա մի քանի անգամ ՝ հասնելով 6-10 եվրոյի՝ կախված տարվա եղանակից:
«Բանն այն չէ, թե որքան ենք մենք վաստակում,-նշել է Բրունյարոն: Խոսքը վերաբերում է զբոսաշրջիկների հոսքի կառավարմանը: Մենք չենք ցանկանում, որ Վենետիկը վերածվի թեմատիկ զբոսայգու»:
Նախատեսվում է, որ նոր հարկը կներառվի դեպի Վենետիկ գնացքի, զբոսանավի, ավտոբուսի կամ ինքնաթիռի տոմսերի գնի մեջ: Այդ հարկից խուսափելու եւ քաղաք անօրինական մուտք գործելու դեպքում նախատեսված է տուգանք 450 եվրոյի չափով:
Սակայն Վենետիկ մուտք գործելու վճարը չի վերաբերում նրանց, ովքեր համար են ամրագրել հյուրանոցում: Անգամ մեկ գիշերով կանգ առած զբոսաշրջիկները կվճարեն միայն ստանդարտ զբոսաշրջային հարկն արդեն հյուրանոցում:
Բացի հյուրանոցի հյուրերից, «մուտքի տոմս» գնելու անհրաժեշտությունից ազատված կլինեն քաղաքի եւ Վենետո շրջանի բնակիչները, վենետիկյան անշարժ գույքի սեփականատերերը, ինչպես նաեւ համալսարանի ուսանողներն ու ծառայողները, որոնք ամեն օր ժամանում են հարեւան Մեսթրեից:
Հյուրերի հարկը սահմանելու մասին առաջարկն արդեն սատարել են հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչները: Ըստ Վենետիկյան հյուրանոցների սեփականատերերի ասոցիացիայի տվյալների՝ «էպիզոդիկ զբոսաշրջիկները» կազմում են քաղաքի հյուրերի 70 տոկոսը, իսկ նրանց ժամանումից ստացված զբոսաշրջային հատվածի շահույթի մասնաբաժինը՝ ոչ ավել, քան 30 տոկոսը:




























