Ձնաբքի հետեւանքով, փետրվարի 26-ին Շիրակի մարզի Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում ավտոմեքենաներ են խցանվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 06.00-ի սահմաններում Աշոցքի «Ճանշին» ընկերության ուժերով ճանապարհի երթեւեկելի հատված է դուրս բերվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայում գտնվել են վարորդը եւ մեկ ուղեւոր:
Նույն օրը ժամը Ժ.17:06-ին տեղեկություն ստացվել, որ «Զանգեր» հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար: Փրկարարները կանչի վայր են հասել ժամը 17.20-ին:
Տեղում պարզվել է, որ ձնաբքի հետեւանքով ճանապարհին խցանման մեջ են հայտնվել 15 ավտոմեքենա (53 ուղեւոր` 25 կին, 20 տղամարդ եւ 8 երեխա): Փրկարարների օգնությամբ բոլոր ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից:
Նույն օրը ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք-Վարդաբլուր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում ձնաբքի հետեւանքով խցանման մեջ են հայտնվել մոտ 30 ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր են մեկնել Աշոցքի «Ճանշին» ՓԲԸ-ից 5 տեխնիկա:
Աշոցքի ճանապարհային ոստիկանության կողմից փակվել է Աշոցք-Գյումրի ավտոճանապարհը:
Ժամը 18.45-ին «Ճանշինի» աշխատակիցների կողմից խցանումից դուրս է բերվել 30 ավտոմեքենա (70-80 ուղեւոր):





























