Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Միավորված ավիաշինարարական կորպորացիայի» տնօրենների խորհուրդը ընկերության նախագահի պաշտոնում հաստատել է Միխայիլ Պողոսյանին, որը մինչ այդ նույն ընկերության փոխնախագահն էր եւ ղեկավարում էր «Սուխոյ» հոլդինգը։
Այս նշանակումը տեղի է ունեցել, երբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը աշխատանքից ազատել է ընկերության նախագահ Ալեքսեյ Ֆյոդորովին՝ «ինովացիաների անբավարար օգտագործման համար»։
Պողոսյանն այդ պաշտոնին նշանակվել է 5 տարի ժամկետով։
Նշենք, որ «Միավորված ավիաշինարարական կորպորացիան» միավորում է Ռուսաստանի խոշորագույն ավիաարտադրող գործարաններին՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ավիացիայի։ Կորպորացիան ստեղծվել է 2006 թ.։ Այս կորպորացիայի մեջ մտնող գործարաններում են արտադրվում Sukhoi Superjet 100, Ту-204, Ил-96 (քաղաքացիական), Су-27, Су-29, Су-35, Ту-160, МиГ-29, МиГ-31, МиГ-35 (ռազմական) օդանավերը։
Միխայիլ Պողոսյանը ծնվել է Մոսկվայում՝ 1956 թ.։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1979 թ.՝ «ОКБ Сухого» գործարանում՝ ինժեներից հասնելով գլխավոր տնօրենի պաշտոնում։ Նա մասնակցել է Су մակնիշի կործանիչների նախագծմանը, նրա ղեկավարությամբ է ստեղծվել Sukhoi Superjet 100-ը։





























