Ավելի քան 30 կազմակերպություններից բաղկացած Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարը նպատակ ունի ձեռնարկել քայլեր, որոնք աշխարհասփյուռ ադրբեջանահայությանը կմիավորեն որպես մեկ ընդհանուր սուբյեկտ։ Փետրվարի 28-ին՝ սումգայիթյան ջարդերի հիշատակին նվիրված երթի ժամանակ լրագրողներին ասաց կազմկոմիտեի անդամ Ռոման Գուլբանդյանը։

«Սումգայիթյան ջարդերից 23 տարի է անցել, սակայն այսքան տարի հետո էլ ադրբեջանահայությունը, իրբեր տուժած կողմ, ներկայացված չէ միջազգային որեւէ ատյանում կամ բանակցային գործընթացում։

Եթե Ադրբեջանն իր 50-60 հազար, այսպես ասած, տեղահանվածներին փորձում է ներկայացնել իբրեւ սուբյեկտ (ինչը նրանց մերթընդմերթ հաջողվում է), ապա ադրբեջանահայությունը շարունակում է անտեսված մնալ։ Եթե մենք հասնենք մեր առջեւ դրված նպատակներին՝ այդ թվում, որպեսզի ադրբեջանահայության ջարդերը միջազգային հանրության կողմից ճանաչվեն իբրեւ ցեղասպանություն, այնուհետ բարձրացնելու ենք հետաքննությունների եւ դատավարությունների անցկացման, ջարդերի կազմակերպիչների հայտնաբերման եւ պատժելու հարցերը»,- նշեց Գուլբանդյանը։

NEWS.am-ի հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանահայերի համագումարն ադրբեջանահայությանը որպես մեկ ամբողջական սուբյեկտ միավորելու ուղղությամբ, կազմկոմիտեի անդամը նշեց. «Դրա համար կոնֆերանսներ ենք նախաձեռնել Ռուսաստանում, ԱՄՆ-ում  եւ Եվրոպայում։ Ախարհի տարբեր երկրներում բնակվող ադրբեջանահայերից պետք է պատվիրակություններ կազմվեն, որոնք էլ աշխատանքներ կտանեն մեր կողմից նախանշված սուբյեկտի լեգիտիմության ուղղությամբ։ Մենք չենք ուզում, որ մեր կողմից ստեղծված մարմինն արհեստական լինի»,- նշեց Գուլբանդյանը։

Վերջում նա տեղեկացրեց, որ համագումարի անդրանիկ նիստը Երեւանում տեղի կունենա մարտի 13-ին։ «Մենք՝ Ադրբեջանի պետականաստեղծ մարդիկ, անելու ենք ամեն բան, որպեսզի արդեն այս ամառ միջազգային ատյաններում հանդես գանք իբրեւ առանձին սուբյեկտ»,- հավաստիացրեց կազմկոմիտեի անդամը։

Նշենք, որ 1988թ. փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթ քաղաքում, որը Բաքվից 20 կմ հեռավորության վրա է գտնվում, Ադրբեջանի իշխանությունները հայերի զանգվածային ջարդեր են կազմակերպել: Ադրբեջանական հրոսակները սպանել, մորթել են հայ բնակչությանը, ոչնչացրել հայերին պատկանող ունեցվածքը: Ջարդերի արդյունքում տասնյակ հայեր են վիրավորներ, զոհվել է 53 մարդ: Հրոսակները տանջել են հայերին, այրել: Բազմաթիվ կանանց եւ աղջիկների բռնաբարել են: Տասնյակ հազարավոր հայեր ջարդերի պատճառով փախստական են դարձել: