Խորհրդարանում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները «աչք են դրել» ընդդիմության մի քանի մանդատների վրա, իրական եւ իրատեսական է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` խորհրդարանի նիստերի դահլիճը լքած ընդդիմադիր իր գործընկերների հետ հանդիպումից հետո:
Հարցին, թե ՀՅԴ-ն կհետեւի՞ արդյոք «Ժառանգության» օրինակին, եթե վերջինս այսօր կայանալիք նիստում հրաժարվի մանդատներից կամ բոյկոտի խորհրդարանի աշխատանքները, Հովհաննիսյանը պատասխանել է. «Քաղաքական այլ ուժերի քայլերը չեն կարող օրինակ ծառայել ՀՅԴ-ի համար: Եթե մենք գնանք նման քայլի, դա կլինի ոչ թե ուրիշների օրինակին հետեւելով, այլ սեփական վերլուծությունների եւ որոշումների հիման վրա»:
Նշենք, որ խորհրդարանի այսօրվա նիստում «Ժառանգության» պատգամավորները «Վերցրեք եւ կերեք, պարոնայք իշխանավորներ, ընդդիմության այս մի քանի մանդատը» բառերով լքել են նիստերի դահլիճը: Դրանից առաջ կուսակցության առաջնորդ Րաֆֆի հովհաննիսյանը խիստ քննադատության էր ենթարկել կոալիցիոն հուշագիրը` այն ապօրինի եւ հակասահմանադրական անվանելով, որի միակ նպատական է առաջիկա 7 տարվա համար ամրագրել նախագահի իշխանությունը` շրջանցելով օրենքը:
«Ժառանգությունն» այսօր ժամը 14-ին խմբակցության եւ վարչության արտահերթ նիստ է գումարելու, որի ընթացքում քննարկելու է կուսակցության հետագա գործողությունների հարցը:
Լիովին հնարավոր է, որ նիստի ընթացքում քննարկվի կուսակցության կողմից մանդատներից հրաժարվելու կամ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու հարցը:
Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Կուսակցությունը 2007 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում ստացել է 7 մանդատ:





























