Համագործակցության մասին կոալիցիոն նոր հուշագիրը գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հետ կապված, խանդ է առաջացրել մյուս քաղաքական ուժերի մոտ, եւ նրանք, իզուր խանդելու փոխարեն ավելի լավ կլիներ, որ կոալիցիայից օրինակ վերցնեին: Այսօր՝ փետրվարի 28-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ  Սահակյանը` մեկնաբանելով ԱԺ նիստերի դահլիճում կոալիցիոն հուշագրի հասցեին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած խիստ քննադատությունը:

«Ես կարծում եմ, որ հայաստանյան ընդդիմությունը պետք է օրինակ վերցնի իշխող քաղաքական ուժերից եւ համախմբվի: Քանի որ առանձին գործելով եւ միմյանց քննադատելով ընդդիմադիր ուժերը հաջողության չեն հասնի: Կոալիցիայի օրինակը պետք է նրանց համար ուսանելի լինի»,-ընդգծեց Սահակյանը:

Նշենք, որ այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է. «Վերցրեք եւ կերեք, պարոնայք իշխանավորներ, ընդդիմության այս մի քանի մանդատը»: Նա նաեւ նշել է, թե կոալիցիոն հուշագիր ստորագրելով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, ըստ էության, հայտարարեց հայ հասարակությանը. «Պետությունը ես եմ»:

«Այդ հուշագրի ստորագրմամբ ամրագրվում է Սերժ Սարգսյանի կառավարումը հետագա 7 տարվա համար, երբ շարունակվելու է ներկայիս հակաժողովրդական քաղաքականությունը, որը նպաստում է արտագաղթի աճին եւ տոտալ ապօրինություններին»,- հայտարարել է Հովհաննիսյանը` հավելելով, որ խորհրդարանում քաղաքական ուժերի խաթարված համամասնությունը կեղծված ընտրությունների արդյունքն է:

Այսօր, ժամը 14:00-ին, «Ժառանգությունը» կուսակցության եւ խմբակցության արտահերթ նիստ է հրավիրելու, որի ընթացքում քննարկվելու է կուսակցության հետագա գործունեությունը: Շատ հնարավոր է, որ նիստի ընթացքում որոշում կայացվի մանդատներից հրաժարվելու կամ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու մասին: 

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը NEWS.am- ի թղթակցին հայտնել է, որ  կիսում է խորհրդարանական իր գործընկերների տեսակետն այն մասին, որ իշխանությունները «աչք են տնկել» ընդդիմության մանդատների վրա: