Քիչ առաջ քաղաքապետարանի մոտից շտապ օգնության հիվանդանոց է տեղափոխվել 60 տարեկան Խանում Ավդալյանը, ով ոտքի վնասվածք է ստացել քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ակցիայի մասնակից ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, բացօթյա առեւտրով զբաղվող մի խումբ ցուցարարներ, այսօր` փետրվարի 28-ին բողոքի ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց: Քիչ անց նրանց են մոտեցել շուրջ 300 ոստիկաններ եւ սկսել հրմշտել ցուցարարներին, նրանցից շատերը հրմշտոցի հետեւանքով ընկել են գետնին:
60-ամյա կինն առաջինն է ընկել գետնին, իսկ ցուցարարներից մի քանիսն ընկել են նրա ոտքի վրա եւ պատճառել վնասվածք: Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ քիչ առաջ կնոջ ոտքը ենթարկվել է ռենտգեն զննության եւ այժմ սպասում են բժշկի եզրակացությանը: Քաղաքապետարանի մոտ այս պահին բողոքի ակցիան շարունակվում է:




























