Ներկայիս կառավարությունը ստախոսներից է կազմված։ Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Նրա խոսքերով, դա վերաբերում է նաեւ ղարաբաղյան խնդրին։ «Անհրաժեշտ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հայտարարել, որ մենք չենք մասնակցելու բանակցություններին, այլ կմասնակցի Ղարաբաղը։ Ղարաբաղյան հիմնախնդիրը եւ կառավարության ծրագիրը որեւէ կերպ կապված չեն միմյանց հետ։ Պետք է խոսել այն մասին, որ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, եւ Հայաստանը զբաղվում է իր գործերով»,- նշել է նա։
Պարույր Հայրիկյանն ընդգծել է, որ նոր իշխանությունները ծանոթ չեն միջազգային իրավունքին եւ Հայաստանի պատմությանը։ Նա պարզաբանել է, որ Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության մեջ ընդհանուր գծեր են նկատվում։ «Սակայն դժվար է որեւէ եզրակացություն անել՝ ելնելով այս կամ այն անձի մտքերից, անհրաժեշտ է առաջնորդվել օբյեկտիվ գործողություններով»,- հավելել է նա։





























