Կառավարության ծրագրում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին կետի բացակայությունը մտահոգություն է առաջացնում: Փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ-ի Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նա նշեց, որ չկա անեւ  Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության, դատապարտման եւ հետեւանքները հաղթահարելու, ինչպես նաեւ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները վերականգնելու մասին դրույթ, չնայած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կար նման կետ: «Մինչդեռ անհրաժեշտ է ցույց տալ, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարեւոր են Հայաստանի համար», - ասաց Մանոյանը:

Նա անհասկանալի անվանեց  Սիրիա հայկական կոնտինգենտի ուղարկման կապակցությամբ ԱՄՆ-ի արձագանքը, հատկապես, որ դա առաջին անգամ չէ տեղի ունենում: «Անհասկանալի է նաեւ, թե ինչու է Կառավարության ծրագրում կարեւորվում տարածաշրջանային հարաբերությունների շրջանակներում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն տարածաշրջանային պետություն չէ:

Սա հավանաբար կապված է Բոլթոնի այցի եւ հայտարարությունների հետ: Այս տեսանկյունից, հարց է առաջացնում այն, թե ինչու է ԱՄՆ-ն հատուկ տեղ  զբաղեցնում Հայաստանի կառավարության ծրագրում: Եթե մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները Արեւմուտքի հետ, ապա մենք պետք է հասկանանք, որ Արեւմուտքը միայն ԱՄՆ-ն չէ», - բացատրեց նա:

ՀՅԴ ներկայացուցիչը կարծում է, որ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները չեն կարող բացառիկ նշանակություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում, քանի որ Ռուսաստանը վարելու է քաղաքականություն, որը թույլ կտա իր շահերի դաշտում պահել  թե Հայաստանին, թե Ադրբեջանին: Բացի այդ, չի կարելի լիովին նույնականացնել «Բոլթոնի ծրագիրը», եթե այն գոյություն ունի, Միացյալ Նահանգների դիրքորոշման հետ:

Կիրո Մանոյանը նշեց, որ իշխանությունները միշտ փորձել են տարբեր շեշտադրումներով կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարել, քանի որ այլ տարբերակ պարզապես չկա: