Նոր Գեղիի համայնքապետ է ընտրվել ՔՊ անդամը, որի դեմ համայնքում բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել:
Այս համայնքում առաջադրվել էին երեք թեկնածուներ՝ անկուսակցական, ինքաառաջադրված Ստեփան Շիրինյանը, անկուսակցական, ինքնաառաջադրված Արմեն Ղազարյանը եւ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության անդամ, ինքնաառաջադրված Վարդան Պապյանը, ով շուրջ 3 տասնյակ տարիներ ղեկավարած համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թեւոսյանի հրաժարականից հետո 2018 թվականի սեպտեմբերի 6-ից նշանակվել էր Նոր Գեղի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալների, քվեարկությանը մասնակցել է 4801 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից 2738 քաղաքացի` ընտրողների մոտ 57%-ը։
Նախնական տվյալներով համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ինքաառաջադրված Վարդան Պապյանը:
Նշենք, որ Վարդան Պապյանն այն թեկնածուն էր, ում՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը համայնքի բնակիչների կողմից միանշանակ չէր ընդունվել:
Նրա նշանակումից հետո համայնքում անգամ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Համայնքի բնակիչները Կոտայքի մարզպետից պահանջում էին ժամանակավոր պաշտոնակատար նշանակել իրենց առաջարկած թեկնածուին:Վերջիններս դժգոհում էին, որ Նոր Գեղի համայնքում ընտության օրը փետրվարի 17 նշանակելը միտումնավոր է արվել:
Մարզպետի կողմից էլ համայնքի բնակիչներին առաջարկվել էր ստորագրահավաք կազմակերպել եւ ներկայացնել Կոտայքի մարզպետարան եւ եթե դժգոհությունների չափը գերազանցի ստորագրությունների սահմանված քանակը, իրենք պատրաստ են այլ թեկնածու նշանակել ժամանակավոր պաշտոնակատար:
Սական ստորագրահավաքն իր արդյունքը չէր տվել:
Նոր Գեղի համայքում Վարդան Պապյանի դեմ բողոքի նոր ակցիա տեղի ունեցավ ԱԺ արտահերթ ընտրությունների հաջորդ օրը, երբ համայնքում միջադեպ տեղի ունեցավ երիտասարդների միջեւ, որն ավարտվեց դանակահարությամբ:
Այս անգամ ակցիայի մասնակիցները երկու մասի էին բաժանվել՝ մի մասը պահանջում էր Վարդան Պապյանի հրաժարականը՝ կարծելով, որ նրա կողմանիցներն են դանակահարել միջադեպի մասնակիցներից մեկին եւ որ իր պաշտոնավարումից հետո գյուղը երկու մասի է բաժանվել, իսկ մյուս ակցիայի մասնակիցները հանդես էին գալիս՝ ի պաշտպանություն Վարդան Պապյանի եւ գտնում էին, որ նրա պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում համայնքում տեսանելի դրական փոփոխություններ են տեղի ունեցել:
Նոր Գեղի համայնքի երկորդ ակցիան եւս տեւական ժամանակ ձգձգվեց, ապա կրքերն այս համայնքում հանդարտվեցին:





























