Թրքաբոլշեւիկյան գաղութային համակարգի դեմ 1921 թ. փետրվարի 18-ի հերոսական ապստամբությունն ազգային արժանապատվության եւ պետականություն ունենալու իրավունքի վկայական է: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Փետրվարյան ապստամբությունը նաեւ ապացույց է, որ հայության Սարդարապատյան հաղթանակները ոչ թե պատմական պատահականություն էին, այլ ազգին բնորոշ առաքինի հատկանիշների օրինաչափ դրսեւորումների արդյունք:

Փետրվարյան ապստամբութունը, նույնիսկ պարտված լինելով, կուտակեց եւ պահպանեց Սարդարապատյան հաղթանակներով վերստեղծված պետականության հաջորդ վերածննդի լիցքն ու ռեսուրսը:

Փետրվարյան ապստամբությունը ռազմաքաղաքական եւ իրավաքաղաքական առումներով ամբողջացրեց եւ ամրագրեց Լեռնահայաստանի հերոսական ոգորումի իմաստն ու նպատակադրումը՝ լինելու եւ մնալու Հայկական պետականության կազմում: Որովհետեւ այս պոռթկման ամենակարեւոր արդյունքը Զանգեզուրի փրկվելն էր. այն չտրվեց Ադրբեջանին եւ մնաց որպես Հայաստանի մաս, ինչի շնորհիվ Հայաստանը պահպանեց իր սահմանը Իրանի հետ, ճեղքեց թուրքական շրջապատման վտանգը, հնարավորություն ստացավ 70 տարի Խորհրդային Միության կազմում գոյատեւելու միութենական հանրապետության կարգավիճակով, իսկ 1991 թ. Խորհրդային Միության լուծարումից հետո ստանալու անկախություն եւ դառնալու միջազգային իրավունքի սուբյեկտ:

Փետրվարյան ապստամբությունը՝ Լեռնահայաստանի հերոսամարտի հետ միասին, ցույց տվեց, որ 1-ին Հանրապետությունն ամենեւին էլ դատապարտված չէր, եթե դրանց բովանդակությանն ու տրամաբանությանը համահունչ կերպով մշտապես առաջնորդվեր ընդվզման ոգով ու վճռական մենակի հոգեբանությամբ եւ արմատախիլ աներ բոլշեւիկյան վարակը:

Բոլշեւիկությունն արմատախիլ անելու հրամայականը խիստ արդիական է նաեւ այսօր: Մեզանում դեռեւս կենսունակ բոլշեւիկության հետեւանքով էր առաջացել Փետրվարյան ապստամբությունը ծնած իրավիճակի կրկնության սպառնալիքը եւ այն կանխելուն էր ուղղված Սասնա Ծռերի 2016 թ. հուլիսի 17-ի ապստամբությունը:

Այդ հրամայականը կյանքի կոչելու համար Փետրվարյան ապստամբության արժանապատիվ ու ընդվզող հետնորդ մեր ժողովուրդը կարիք ունի իրեն արժանի առաջնորդության եւ համախմբման:

2018 թ. ապրիլ-մայիսյան համաժողովրդական ընդվզման շնորհիվ այդ պատվավոր ու պատասխանատու  առաքելությունը ստանձնելու հրամայականին դեմ հանդիման հայտնված այսօրվա կառավարության առաջնային խնդիրն է՝ ազգային շահերի դիրքից իրավաքաղաքական գնահատական տալ մեր 100-ամյա անցյալին, ջախջախել ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքի վերածվող 5-րդ շարասյունը, երկիրը մաքրել բոլշեւիկյան վարակից եւ նոր էջից կազմակերպել պետականության վերակերտումը: