Ընդդիմությունը «դեմ» քվեարկեց Կառավարության ծրագրին, քանի որ առաջին անգամ կարողացավ ազատ գործել: Փետրվարի 18-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը:
Նրա համոզմամբ՝ նրանք «դեմ» քվեարկեցին ոչ թե այն պատճառով, որ ծրագիրը վատն էր, այլ քանի որ որպես իրական ընդդիմադիրներ էին գործում: Հարցին, թե ինչու իշխանությունները չցանկացան քննարկել ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների առաջարկությունները եւ դրանք ներառել Կառավարության ծրագրում, Նազարյանը նշեց, որ, եթե նրանք առաջարկներ ունեն, ապա դրանք կարող են ներկայացնել գործողությունների ծրագրի քննարկման ժամանակ:
«Եթե ընդդիմությունը լավ առաջարկներ ներկայացնի, ապա Կառավարությունը հետո դրանք իր ծրագրում կներառի: Գործող իշխանության նկատմամբ ընդդիմության քննադատությունը ոչ բովանդակային էր եւ երբ փորձում եմ ինչ-որ բան հիշել այդ քննադատությունից, ապա միակ բառը, որ գալիս է մտքիս դա «բողոքն է»: Ընդդիմության քննադատությունը բավական թույլ էր եւ անհիմն», - եզրափակեց Նազարյանը:





























