Կառավարության ծրագրով ներդրումների ծավալը չափազանց անբավարար է:
Փետրվարի 18-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր, Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը` մեկնաբանելով կառավարության ծրագրի տնտեսական մասը:
Նրա խոսքով՝ ներդրումները 15.5 տոկոսից 23 տոկոս հասցնել նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները չեն հասնի անգամ 2008 թվականի 41 տոկոս ցուցանիշին: «Ուզում եմ նշել, որ տարեկան 120 մլն դոլարը չափազանց քիչ է: Քիչ է անգամ 7-7.5 տոկոս տնտեսական աճ ունենալը: Կարեւոր է, որ մարդիկ զգան այն: Իսկ դրա համար առնվազն 2.5-3 մլրդ դոլարի ներդումներ են պետք», – պարզաբանեց Մելքումյանը:
Ըստ պատգամավորի՝ Հայաստանի տնտեսությանը խանգարում են վարկային ռեսուրսների հետ կապված դժվարությունները, քանի որ այդ պատճառով բիզնեսը չի կարողանում մատչելի վարկեր վերցնել:





























