Տնտեսական հեղափոխություն կատարվել է միայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Նրա խոսքով՝ ներկայիս Կառավարության ծրագրում չկա անգամ զարգացման ծրաագիր՝ չխոսելով արդեն հեղափոխության մասին:
«Երկրում արմատական փոփոխություններ կատարվեցին միայն 2000-ականների սկզբին: Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու փոխարեն կարելի էր խորհրդակցել նրա հետ եւ հասկանալ, թե ինչպես կարելի է փոխել իրավիճակը», - նշեց նա:
Մարգարյանն ընդգծեց, որ կառավարության ծրագիրն ավելի շատ հուշագիր է հիշեցնում, որտեղ չկան չափելի կատեգորիաներ: «Շատերը ծրագիրը քննադատում են թվերի պակասի պատճառով, սակայն պետք է նկատի ուեննալ, որ փաստաթղթում, որտեղ նույնիսկ հստակ կատեգորիաներ չկան, չի կարելի նաաեւ թվեր ակնկալել: Չկան կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ քայլեր, այդ թվում աղքատության վերացման նպատակով: Բացի այդ, հնարավոր չէ գրել Զինված ուժերի զարգացման մասին եւ միաժամանակ ճնշում գործադրել գեներալիտետի վրա », - ավելացրեց նախկին պատգամավորը:
Նա նշեց, որ ծրագրում անգամ մեկ բառ չկա Ընտրական օրենսգրքի մասին, որը նախկինում քննադատվել էր, ավելին՝ իշխանությունների կողմից այն փոխելու կամք չի նկատվում: «Դեկտեմբերյան ընտրություններն անցկացվեցին ճնշման տակ, իսկ ընտրական օրենսգիրքը, ինչպես նաեւ նախորդ իշխանությունների կողմից ընդունված կուսակցությունների մասին օրենքը չեն փոխվել», - ասաց Ստեփան Մարգարյանը:
Նախկին պատգամավորը նաեւ նշեց, որ չկա տարածաշրջանային գործընկերների հետ համագործակցության զարգացման հստակ ծրագիր այն դեպքում, երբ Հայաստանը անընդհատ դուրս է մնում տարածաշրջանային ծրագրերից:





























