«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չպետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փետրվարի 18-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Իմ քայլը» իշխող դաշինքից ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ մեկնաբանելով վարչապետին ուղղված խորհրդարանական ընդդիմության քննադատությունը: Ընդ որում՝ Նազարյանի կարծիքով, հարկ է, որ Մարուքյանը մտահոգվի իր հեղինակության եւ վարքագծի մասին:
Նշենք, որ խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննադատությամբ հարձակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա՝ նրան մեղադրելով քննադատության հանդեպ անհանդուրժողության մեջ, ինչը հարուցել էր իր՝ վարչապետի եւ «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավորների դժգոհությունը:





























