ԱՄՆ-ում ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը (ACLU), հայտարարել է, որ հայց է ներկայացրել Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ պահանջելով չեղարկել սահմանին արտակարգ դրություն մտցնելու ռեժիմը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Թրամփը մինչ այդ արդեն մտցրել էր արտակարգ դրության ռեժիմ՝ ապահովելու համար Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար միջոցների տրամադրումը։ Թրամփը մտադիր է այդ նպատակի համար ծախսել 1,4 միլիարդ դոլար՝ դրանք վերաբաշխելով բյուջեի մյուս հոդվածներից, ներառյալ ռազմաշինության ու թմրանյութերի դեմ պայքարի միջոցները։
«Թրամփի վարչակազմի արտակարգ դրության կեղծ ռեժիմը եւ նրա հարձակումները ներգաղթյալների ընտանիքների վրա՝ վտանգավոր սպառնալիք են մեր ժողովրդավարությանը»,- ասվում է ACLU-ի հայտարարությունում։
Հայցադիմումում ասվում է, որբյուջեի վերաբաշխումը խախտում է շատ օրենքներ եւ հիմնարար սահմանադրական սկզբունքներ, ներառյալ իշխանությունների բաժանման սկզբունքը։ ԱՄՆ-ում բյուջեի բաշխման իրավունքն ամբողջովին պատկանում է կոնգրեսին, եւ մի շարք իրավաբաններ երկյուղներ ունեն, որ Թրամփի ձեռնարկած միջոցները վտանգավոր նախադեպ կստեղծեն, երբ նախագահը գործում է կոնգրեսի շրջանցմամբ եւ նրա հետ ուղղակի առճակատմամբ։ Թրամփի վարչակազմը նրանց հետ համաձայն չէ եւ հայտարարում է, որ արտակարգ դրության ռեժիմ հայտարարվել է շատ անգամ եւ հանգեցրել միջոցների վերաբաշխման, թեեւ շատ ավելի պակաս գումարով, քան նախատեսում է Թրամփը։





























