Մոսկովյան մետրոյի գովազդի տեղադրման հարցով գործընկերը Կարեն Ավագումյանն է, ով Մերձմոսկվայում ուղեւորատար փոխադրումների վրա մասնագիտացող «Ռանդ Տրանս» ընկերության սեփականատերն է եւ «Ավիլոն» ավտոհոլդինգի հիմնադրի որդին՝ հայտնում է РБК-ն։
2019թ․ փետրվարի 14-ից «Պրոֆկենտրոն «Մասնագետ»» ԲԲԸ-ի հիմնադիր, գլխավոր տնօրեն Մաքսիմ Դանիլովի փոխարեն դարձել է Կարեն Ավագումյանը։
Այս ընկերությունը, ինչպես նախկինում գրել էր РБК-ն, 2018թ․ աշնանը դարձել էր այն ծառայության օպերատորը, որը թույլ է տալիս գովազդ տեղադրել մոսկովյան մետրոյի վագոններում տեղադրված պլազմային էկրաններին, կայարանների սրահների եւ անցումների սթիքերներին ու լույսի վահանակներին։
Մետրոպոլիտենի նոր գործընկերը «Ավիլոն» ավտոհոլդինգի հիմնադիր Կամո Ավագումյանի որդին է։ «Սակայն ես իմ, հորս հետ կապ չունեցող բիզնեսն ունեմ»,- ասում է Ավագումյան-կրտսերը։ Նրա խոսքերով, ինքը ուղեւորատար փոխադրումների ցանց է կառուցել Մերձմոսկվայում եւ այլ տարածաշրջաններում, որի հիմքը հանդիսանում է «Ռանդ Տրանս»-ը։ Ընկերության կայքում ասվում է, որ պարկում հազար ավտոմեքենա կա, հիմնականում՝ Mercedes Benz Sprinter։ Մերձմոսկվայում գրանցված «Ռանդ Տրանս» ԲԲԸ-ի հիմնադիրներ նա անվանում է Միխայիլ Նաուգոլնիխին, Արմեն Ալավերդյանին եւ Ալեքսանդր Շանաեւին։ Բիզնեսը նույնպես վստահելի անձանց անունով է գրանցված՝ վստահեցնում է Կարեն Ավագումյանը։
«Մեդուզա» թերթը 2018թ․ փետրվարին հայտնել էր, որ Կարեն Ավագումյանը «Ալֆա Գրանտ» եւ «Ռիկո» տրանսպորտային ընկերությունների տնօրենների խորհրդի նախագահն է։ Ընկերությունների գլխավոր տնօրենը Միխայիլ Նաուգոլնիխն է։ «Ալֆա Գրանտ»-ը եւ «Ռիկո»-ն Մոսկվայի կառավարության հետ 3,1 մլրդ ռուբլու հնգամյա պայմանագիր են կնքել՝ հասարակական տրանսպորտի 21 երթուղիների սպասարկման համար։ Ավտոբուսով փոխադրումների համար մայրաքաղաքում գործում է պարկերի միայն 4 տոկոսը՝ հստակեցնում է Ավագումյանը։
Մինչեւ 2011թ․ փետրվար Կարեն Ավագումյանին պատկանում էր «ՄԿՄ Լոգիստիկա» ԲԲԸ-ի 48,39 տոկոսը։ Մինչեւ 2012թ․ մարտ «ՄԿՄ Լոգիստիկա»-ի 6,2 տոկոսը պատկանել է նաեւ նրա հորեղբոր որդի Համլետ Ավագումյանին։





























