«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 1-ին իրականացվել է ընդամենը 700 հազ. դոլարի առուվաճառք, նախորդ օրվա ռեկորդային՝ 13,5 մլն դոլարի համեմատ։
Ըստ բորսային մոտ կանգնած աղբյուրների՝ պատճառն այն է, որ բանկերն ունեն դրամի արժեզրկման սպասումներ։ Շնորհիվ Կենտրոնական բանկի միջամտությունների՝ դրամը փոքր ինչ արժեւորվել է, սակայն բանկերը պարզապես չեն ցանկանում դոլարը էժան վաճառել։
Մարտի 1-ի գործարքներով միջին բորսայական փոխարժեքը կազմել է 1դոլար/367,26 դրամ։ Տեղի է ունեցել 6 գործարք, որից 5-ը՝ տվյալ փոխարժեքով, մեկը՝ 367,25-ով։ Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 28-ին դոլարի բորսայական միջին փոխարժեքը կազմել է 367,79։
Փոխանակման կետերում դոլարի առքի միջին փոխարժեքը 365,10 դրամն է, վաճառքինը՝ 368,29։ Արտարժույթի շուկայում ի հայտ է եկել նաեւ անոմալիա՝ «Արմսվիսբանկը» դոլարի առքի գին է սահմանել 366,5 դրամը, իսկ «Կոնվերսբանկը» վաճառքի գին է սահմանել 366 դրամը (ժամը 15,16-ի դրությամբ)։





























