Այսօր Հայաստանում գազային քաղաքականության հարցը դարձել է թիվ մեկ հարցը ողջ հանրության, բնակչության համար, այսօր գազի բարձր գնի պատճառով ընտանիքներ են քայքայվում, ժողովուրդը գտնվում է խռովության շեմին, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՅԴաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` ելույթ ունենալով ՀՅԴ-ի`գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության քննարկման ժամանակ:

«Ժամանակավոր հանձնաժողովը պետք է պատասխանի հարցին, թե ինչու Հայաստանը սահմանին Ռուսաստանից գազը գնում է 180 դոլարով 1000 խմ-ի համար, իսկ վաճառում 360 դոլարով: Ինչու Մոլդովան ռուսական գազը ստանում է 233 դոլարով, իսկ վաճառում 312 դոլարով: Ինչո՞ւ Մոլդովային հաջողվում է, մեզ՝ ոչ»,- ասել է Հովհաննիսյանը:

Նա ընդգծել է, որ ժամանակավոր հանձնաժողովը պետք է պարզի, թե ինչու է Ռուսաստանը Հայաստանի համար բարձրացրել գազի գինը: Ըստ Հովհաննիսյանի հանձնաժողովը նշել է, թե ժամանակավոր հանձնաժողովը պետք է առաջարկի իջեցնել տարիֆները:

Հովհաննիսյանը շեշտել է, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանը կզրկվի վերջին անտառներից, որոնք կկտրվեն եւ կօգտագործվեն որպես վառելիք:

Ի դեպ, Հովհաննիսյանը դիմելով իր գործընկերներին, հեգնել է. «Կարծում եմ` այս սրահում պատգամավորների մեծ մասը դասական կրթություն է ստացել, տիրապետում է լատիներենին եւ բնօրինակով ընթերցել է Օվիդիուսի «Մետամորֆոզները»:

Հովհաննիսյանը առաջարկել է քվեարկությունը հետաձգել մինչեւ հաջորդ քառօրյա, քանի որ հարցի քննարկման ժամանակ խորհրդարանի սրահում գրեթե պատգամավոր չէր մնացել: Նրա խնդրանքը բավարարվել է: