Հայաստանի Ազգային  ժողովում մարտի 1-ին բուռն քննարկումներ են ծավալվել՝ կապված գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ առաջարկի հետ։

Ելույթ ունենալիս ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, մասնավորապես, դժգոհություն է հայտնել, որ նախաձեռնության քննարկման ժամանակ նիստերի դահլիճում չեն կառավարության եւ պատգամավորների մեծամասնությունը։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փորձել է հանգստացնել պատգամավորին՝ նշելով, որ կառավարության ներկայացուցիչները դիտմամբ չեն հրավիրվել քննարկումներին, որպեսզի չճնշեն պատգամավորներին։ «Մենք ժողովրդավար խորհրդարան ունենք»,- հավաստիացրել է Աբրահամյանը։

ՀՅԴ մեկ այլ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ չի հասկանում իշխող մեծամասնության՝ ՀՅԴ-ի նախաձեռնությանը հակառակվելու դրդապատճառները։

ՀՅԴ մյուս պատգամավոր Արա Նռանյանն էլ իր հերթին հայտարարել է, որ գազամատակարարման ոլորտում կան պատասխան պահանջող բազմաթիվ հարցեր, ինչպես օրինակ այն, թե ինչո՞ւ է Հայաստանը Ռուսաստանից 180 դոլարով ձեռք բերված գազը քաղաքացիների վրա վաճառում 360 դոլարով։ «Եթե կառավարող մեծամասնությունը թաքցնելու ոչինչ չունի, ինչո՞ւ է ընդդիմանում հանձնաժողովի ստեղծմանը»,- նկատել է Նռանյանը։

Ի պատասխան ՀՅԴ պատգամավորների այս հայտարարությունների՝ Հանրապետական պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը միայն ասել է, որ առաջարկում է ՀՅԴ-ի նախաձեռնության շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնել։