Փետրվարի 22-ին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանն ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին:

Արկադի Բալյանը շնորհակալություն է հայտնել այցի համար և բարձր է գնահատել վերջին 30 տարիների ընթացքում միության գործունեությունը Հայատանի Հանրապետությունում:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունն իր գործունեությունը Հայաստանում իրականացնում է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից ի վեր:

Միությունն ավարտում է հայաստանյան առաքելությունը և այդ կապակցությամբ որոշել է ԱԻՆ-ին նվիրաբերել երեք ռադիոմետր սարքավորում:

Ռադիոմետրերից երկուսը նախատեսված են գամմա, իսկ մեկը՝ ալֆա, բետա և գամմա ճառագայթներ չափելու համար:

Փոխնախարար Բալյանը շնորհակալություն հայտնեց նվիրատվության համար և նշեց, որ սարքերի կարևորությունը պայմանավորված է հատկապես Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հետ կապված հնարավոր արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունները զարգացնելու անհրաժեշտությամբ:

«Բժիշկներ առանց սահմանների» միությունը ծրագրեր է իրականացնում աշխարհի շուրջ 70 երկրներում: