Երգիչներ Ֆիլիպ Կիրկորովի եւ Իրինա Ալեգրովայի այցելությունը Բաքու (մարտի 2-ին) թունդ բանավեճեր է հարուցել ադրբեջանական հասարակության մեջ:
«Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» հայտարարություն է տարածել, որում վստահաբար նշել է, թե «այդ երգիչները ծառայում են հայկական քաղաքականությանը»:
«Բացի այդ, «Ֆիլիպ Կիրկորովի հայրը բուլղարական ծագմամբ Բեդրոս Կիրկորովը երգիչ է Բուլղարիայում եւ ամեն տարի հիշատակի համերգներ է տալիս Հայոց ցեղասպանության օրը: Նա նաեւ Դաշնակցություն կուսակցության անդամ է: Ֆիլիպի հորեղբայրը` Կիրկ Կիրկորովը բնակվում է ԱՄՆ-ում եւ նյութապես օգնում է Հայաստանին: Ֆիլիպն էլ համերգներից մեկի ընթացքում հայտարարել է, թե հպարտ է իր հայկական ծագմամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Կազմակերպությունը չի մոռացել նաեւ Ալեգրովային եւ նշել, թե հայկական ծագմամբ երգչուհին քարոզել է Հայաստանի զավթողական քաղաքականությունը: Նրա հայրը` Ալեքսանդր Սարգսյանը ժամանակին ապրել է Բաքվում, ապա տեղափոխվել Հայաստան, որտեղից էլ՝ Ռուսաստան:
ՂԱԿ-ը հայտարարության մեջ անիծել է համերգի կազմակերպիչներին, Կիրկորովին, Ալեգրովային եւ բոլորին, ով կհամարձակվի մարտի 2-ին հայտնվել Բաքվում:




























