ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Առլեմ Դեզիրը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Bastainfo.com կայքի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլիի դատավճռի վերաբերյալ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվի ծանր հանցագործությունների գերագույն դատարանը Հաջիբեյլիին դատապարտել էր  5.5 տարի ժամկետով պայմանական դատավճռի՝ երկամյա փորձնական ժամկետով, պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի, լիազորությունների չարաշահման եւ կեղծիքի մեղադրանքով:

Մեղադրանքները կապված են այն պնդումների հետ, որ Bastainfo.com-ը էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների եւ 2018 թ. Գյանջայի քաղաքապետի վրա հարձակման մասին կեղծ տեղեկություններ է տարածել:

«Մուստաֆա Հաջիբեյլիի գործով դատարանի որոշումը վկայում  է Ադրբեջանում ազատ արտահայտման եւ ԶԼՄ-ի ազատության կապակցությամբ մտահոգիչ միտման մասին: Ես իշխանություններին կոչ եմ անում բողոքարկման կարգով մանրակրկիտ քննել գործը եւ թույլ տալ լրագորղին անարգել աշխատել՝ ԶԼՄ-ի ազատության վերաբերյալ ԵԱՀԿ-ի պարտավորություններին համապատասխան», - ասվում է Դեզիրի հայտարարությունում, հաղորդում  է contact.az-ը:

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը նշել է  դատավարության ընթացքում զգալի խախտումների մասին, ինչպես նաեւ խմբագրի դեմ ներկայացված մեղադրանքներով ապացույցների բացակայության մասին: Դեզիրը նաեւ վերահաստատել է իր մտահոգությունը Criminalaz.com առցանց հարթակի խմբագիր Անար Մամեդովի գործի առնչությամբ, որին նույնպես նմանատիպ մեղադրանքներ են ներկայացվել:

«Խոսքի ազատության իրավունքի նկատմամբ ցանկացած սահմանափակում պետք է կիրառվի օրենքի գերակայության, անհրաժեշտության եւ համաչափության սկզբունքներին համապատասխան: ԶԼՄ-ի աշխատակիցները չպետք է հետապնդվեն իրենց աշխատանքի համար », - եզրափակել է Դեզիրը: