«Շերեմետեւոյում» ձերբակալել են բելգիացու, որը Փարիզ մեկնելուց առաջ հայտարարել էր, որ իր մոտ ռումբ կա, գրում է «Ինտերֆաքսը»:

Արտակարգ ծառայություններում «Ինտերֆաքսի» աղբյուրը հայտնել է, որ Բելգիայի քաղաքացին ուրբաթ երեկոյան Թաիլանդից Մոսկվա է ժամանել, որպեսզի նույն օրը «Շերեմետեւո» օդանավակայանից Փարիզ թռչի:

«Սակայն երբ Մոսկվա-Փարիզ ինքնաթիռի բոլոր ուղեւորներն արդեն տեղավորվել էին ինքնաթիռում, տղամարդը հայտարարեց, որ իր մոտ ռումբ կա: Նա իրեն ագրեսիվ էր պահում եւ ֆրանսերենով ինքն իր հետ բարձր խոսում էր», -ասել է գործակալության զրուցակիցը:

Ինքնաթիռ են հրավիրվել ոստիկաններ, որոնք ձերբակալել են իրավախախտին:

«Տղամարդու մոտ պայթուցիկ սարք չգտան,-ասել է աղբյուրը,-այնուամենայնիվ, թռիչքը ստիպված եղան հետաձգել, իսկ բոլոր ուղեւորներին եւ ինքնաթիռը լրացուցիչ զննել»: