Հայ ազգային կոնգրեսի գլխավոր նպատակն է հասնել արտահերթ նախագահական ընտրությունների: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը` ելույթ ունենալով ընդդիմության այսօր հրավիրած հանրահավաքին: Իր հերթին ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը նկատել է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը դեռ ժամանակ ունի ժողովրդի հետ երկխոսություն սկսելու համար, բայց այդ ժամանակը լրանում է արագ տեմպերով:

Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է 2008թ. նախագահական ընտրություններից հետո եւ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ զինված ուժերի օգտագործման խնդրին: Նրա խոսքով, հակասահմանադրական այդ գործողությունների համար պատասխանատու է պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ով բանակը ներգրավել է  քաղաքական գործընթացներին:

Քոչարյանն ընդգծել է, որ փաստահավաք խումբն ապացուցեց իշխանությունների ապօրինի գործողությունների փաստը եւ հենց այդ պատճառով էլ լուծարվեց:

Հանրահավաքին ելույթ են ունեցել մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը եւ Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը: Նրանք հայտարարել են, թե զոհվածների ծնողները միասնական են ընդդիմության հետ Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու ճանապարհին, նրանք նաեւ վստահություն են հայտնել, որ ժողովուրդը կհասնի իր ուզածին:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հանրահավաքի մասնակիցների թիվը շարունակում է աճել: Ինչպես հայտարարել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը,  ոստիկանության եւ ընդդիմության միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Կորյուն փողոցի փակման վերաբերյալ, եթե մարդկանց հոսքը շարունակի աճել:

Նշենք, ուղիղ երեք տարի առաջ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, խլելով 10 մարդու կյանք: Ընդդիմությունը չճանաչեց 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Ընդդիմության առաջնորդ` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 21-ից շուրջօրյա ցույցեր կազմակերպեց Երեւանի Ազատության հրապարակում: Քաղաքում բազմահազարանոց երթեր էին ընթանում` ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով:

Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին, որից հետո հազարավոր մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ: Կեսօրին մոտ տարերայնորեն Մյասնիկյանի արձանի մոտ էին հավաքվել հսկայական քանակությամբ ընդդիմության կողմնակիցներ, որոնք սպասելով ուժային գործողության իշխանությունների կողմից, կսեցին ավտոբուսներով բարիկադներ կառուցել:

Մարտի մեկի երեկոյան ժամը 21-ի սահմաններում իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում 2 զինծառայողներ:

Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ: