Փետրվարի 25-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի կառավարությունում առեւտրի ոլորտը համակարգող փոխվարչապետ Չառը Գըլըջովի (Çary Gylyjow) հետ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-թուրքմենական առեւտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առեւտրի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտներում հնարավոր համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց 2019թ. կեսերին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաեւ այդ համատեքստում դրա օրակարգի առեւտրատնտեսական հատվածում ներառվելիք հարցերին:
ՀՀ դեսպանը խնդրեց աջակցել Թուրքմենստանում Հայաստանի առեւտրի տան բացման, թուրքմենական շուկայում հայկական կապիտալով ընկերությունների ներգրավման, դրանց գործունեության ծավալման հարցերին:
Թուրքմենստանի փոխվարչապետը կարեւորեց ինչպես երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական, այնպես էլ գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության ակտիվացման եւ խորացման անհրաժեշտությունը, ինչն արդյունք է երկու երկրների քաղաքական ղեկավարության եւ բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների:




























