Իսրայելցի նախկին նախարար Գոնեն Սեգեւը փետրվարի 26-ին 11 տարվա բանտարկության է դատապարտվել Իրանի համար լրտեսության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Երեքշաբթի Երուսաղեմի շրջանային դատարանը Սեգեւին 11 տարվա բանտարկություն է վճռել, որը ժամանակին եղել է երկրի էներգետիկայի եւ ենթակառուցվածքների նախարարը, հայտնում է Mignews-ը: 

Սեգեւը հունվարին համաձայնվել էր դատախազների հետ իր մեղքն ընդունելու գործարք կնքել՝ սահմանելով ազատազրկման 11 տարի ժամկետ: Գործարքի շրջանակում Սեգեւը համաձայնվել է իրեն մեղավոր ճանաչել լրտեսության եւ հակառակորդ պետությանը տեղեկություններ փոխանցելու մեջ: Դրա դիմաց դատախազները հանել են պետության թշնամուն օգնելու մեղադրանքը:

Իսրայելի իշխանությունները Սեգեւին կալանավորել էին 2018 թվականի մայիսին՝ Իրանի կառավարության գործակալներին տեղեկություններ վաճառելուց հետո: Ասում են, որ Սեգեւն իր իրանցի օպերատորների հետ հանդիպել է ամբողջ աշխարհի հյուրանոցներում եւ բնակարաններում, որոնք, ինչպես կարծում են, օգտագործում են Իրանի հատուկ ծառայությունները: Սեգեւը նաեւ կապի գաղտնի համակարգ էր ստացել իր եւ օպերատորների միջեւ հաղորդագրությունները ծածկագրելու համար:

Սեգեւը նախկինում դատապարտվել էր վարկային քարտերով խարդախության փորձի համար եւ իրեն մեղավոր էր ճանաչել թմրանյութերի մաքսանենգության մեջ: