Պակիստանի Ազգային անվտանգության խորհուրդը՝ երկրի վարչապետ Իմրան Խանի նախագահությամբ, ժխտում է Հնդկաստանի պնդումները, թե հնդկական ՌՕՈւ հարվածի նպատակը, որը հասցվել է երեքշաբթի իսլամիստական «Ջաիշ ե Մուհամադ» խմբավորման զինյալների Քաշմիրի մարզաճամբարին, եղել են զինյալները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Geo TV հեռուստաալիքին։

Երեքշաբթի առավոտյան ANI գործակալությունը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է, որ Հնդկաստանի ՌՕՈւ կործանիչները հարված են հասցրել «Ջաիշ ե Մուհամադ» իսլամիստական խմբավորման մարզաճամբարին Քաշմիրի պակիստանյան հատվածում։ Նշվում է, որ օդային հարվածի ժամանակ շատ զինյալներ, ինչպես նաեւ նրանց պատկանող տրանսպորտը, զենքն ու զինամթերքը լիովին ոչնչացվել են։ Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ Հնդկաստանի ԱԳՆ առաջին փոխնախարար Վիջայ Գոքհալեն ասել է, որ կանխիչ հարվածը «խիստ անհրաժեշտ» էր, քանի որ խմբավորումը գրոհներ էր պատրաստում մահապարտների մասնակցությամբ՝ երկրի տարբեր շրջաններում։

Տեղեկացվում է, որ երեքշաբթի օրվա նիստի արդյունքներով՝ Պակիստանի ազգային անվտանգության խորհուրդը հերքել է Հնդկաստանի պնդումները, թե հնդկական ՌՕՈւ հարվածն ուղղված էր զինյալների ճամբարին Բալակոտ քաղաքի մոտ, ինչպես նաեւ հնդկական կողմի հայտարարությունները վերջինների մեծաթիվ կորուստների մասին։

Նիստի մասնակիցների կարծիքով՝ այս գործողությունը կատարվել է կայանալիք ընտրությունների համատեքստում, այն լուրջ սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար։ Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ Պակիստանը ծրագրում է բարձրացնել Հնդկաստանի կողմից վերահսկողության գծի խախտման հարցը միջազգային կազմակերպություններում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում եւ Իսլամական համագործակցություն կազմակերպությունում (ԻՀԿ)։