Այս պահին Լոնդոնում Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող վարչապետի նստավայրում ընթանում է բրիտանական կառավարության նիստը, որի ժամանակ, ինչպես չեն բացառում փորձգետները, կարող է համաձայնեցվել անհրաժեշտության դեպքում Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու ժամկետը հետաձգելու որոշումը, հայտնում է Sky News-ը:

Պարբերականի վերլուծաբանները չեն բացառում, որ մարտի 29-ին նշանակված Լոնդոնի եւ Բրյուսելի ապահարզանի պայմաններով գործարքը խորհրդարանի կողմից հերթական անգամ մերժելու դեպքում Brexit-ը կարող է 2 ամսով հետաձգվել: Այսպիսի որոշման պատճառ կարող է լինել կառավարության առանձին անդամների ցուցադրական հրաժարականների սպառնալիքը՝ ներառյալ աշխատանքի եւ թոշակի հարցերով նախարար Էմբեր Ռադի, բիզնեսի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության գործերով նախարար Գրեգ Քլարքի եւ արդարադատության նախարար Դեւիդ Գոկի: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ նրանց կարող են միանալ նաեւ բիզնեսի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության գործերով փոխնախարարներ Ռիչարդ Հերինգթոնը եւ Քլեր Փերին, ինչպես նաեւ թվային տեխնոլոգիաների, մշակույթի, զանգվածային լրատվամիջոցների ու սպորտի փոխնախարար Մարգոթ Ջեյմսը:

Այս նիստի արդյունքներով՝ վարչապետ Թերեզա Մեյը, որը մինչեւ հիմա ամեն կերպ դիմադրում էր Brexit-ի ժամկետի հետաձգման ցանկացած գաղափարին, պետք է օրվա երկրորդ կեսին հայտարարությամբ հանդես գա բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում:

Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ կառավարության մինչեւ 25 անդամ պատրաստ է աջակցել Օլիվեր Լետվին եւ Իվետ Կուպեր պատգամավորների փոփոխությանը եւ առաջիկա չորեքշաբթի քվեարկել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ժամկետները հետաձգելու օգտին, մինչեւ վարչապետը չհայտարարի, որ առանց գործարքի Brexit տեղի չի ունենա:

Այս փոփոխությանը խոստացել է աջակցել նաեւ ընդդիմադիր Լեյբորիստական կոևսակցությունը, եթե Մեյը այդպես էլ չներկայացնի երաշխիքներ, որ Բրիտանիան ԵՄ-ն չի լքի առանց Բրյուսելի հետ իր դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի:

Լեյբորիստները նաեւ պայքարում են, որպեսզի Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ գործարքը համաժողովրդական քվեարեկության հանվի, եթե այն ամեն դեպքում հավանության արժանանա Համայանքների պակատի կողմից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխող Պահպանողական կուսակցությունից 100 պատգամավորներից կազմված խումբը, որոնք միավորվել են այսպես կոչված Brexit Delivery Group-ում(«Brexit-ի իրականացման խումբ»), զգուշացրել է Մեյին, որ նրանք պատրաստվում են ստիպել Մեյին հետաձգել Brexit-ը, եթե նա չկարողանա ԵՄ իշխանությունների հետ գործարքի հասնել, որը հավանության կարժանանա բրիտանական խորհրդարանի կողմից: