Սպիտակ տան ավագ խորհրդական եւ ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշներն այս շաբաթ Մերձավոր Արեւելք շրջագայության է մեկնել՝ հասկանալու համար արդյոք տարածաշրջանի երկրները կաջակցեն իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի «դարի գործարքին»:

Քուշները, սակայն, ամենայն հավանականությամբ, դժվարություններ կունենա Պարսից ծոցի երկրներին այդ համաձայանագիրը աջակցել ստիպելու  ջանքերի ընթացքում:

«Քաղաքական տեսանկյունից այնքան մեծ չի հույսը, որ դա տեղի կունենա: Տնտեսական տեսանկյունից կա որոշակի հնարավորություն: Քուշների ուղեւորության նպատակը Պարսից ծոցի երկրների տնտեսական աջակցությունը ստանալն է, որպեսզի կարողանա աջակցել Պաղեստինի տնտեսությանը», -  CNBC-ին ասել է Stratfor-ի վերլուծաբան Էմիլի Հոթորնը:

Քուշները պետք է այցելի Օման, Բահրեյն, Սաուդյան Արաբիա, ԱՄԷ եւ Կատար:

«Դարի գործարքի» մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, սակայն Հոթորնը նշել է, որ սա մտածված ռազմավարություն է ԱՄՆ-ի պաշտոնական անձանց կողմից:

«Մենք գիտենք, որ Ջարեդ Քուշները եւ մյուսները 2 տարի շարունակ աշխատել են այդ համաձայնագրի ուղղությամբ եւ ամեն ինչ արել մամուլում արտահոսք թույլ չտալու համար: Նրանք ակնհայտորեն ցանկանում են, որ գործարքի շահագրգիռ կողմերը, այդ թվում Ծոցի երկրները, առաջինը լինեն, ովքեր կտեսնեն այդ ծրագիրը», - ասել է նա:

Կաջակցեն արդյոք երկրները Թրամփի ծրագրին թե՝ ոչ, դեռ հայտնի չէ, սակայն Հոթորնը նշել է, որ Քուշների գործունեության մասին ցանկացած տեղեկություն քննադատության է արժանանում ինչպես Իսրայելի, այնպես էլ Պաղեստինի կողմից:

Ենթադրվում է, որ «դարի գործարքը» կհրապարակվի ապրիլին Իսրայելում ընտրություններից հետո: