Փետրվարի 25-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը դեսպանությունում ընդունել է Բաղդադի և Բասրայի Ասորի ուղղափառ համայնքների առաջնորդ Տ. Սիորիոս եպիսկոպոս Հավային, ինչպես նաև Բաղդադի Ասորի Կաթողիկե համայնքի առաջնորդ, Բասրայի և Ծոցի երկրների Կաթողիկե Պատրիարքի տեղակալ Տ. Աֆրամ եպիսկոպոս Յուսեֆ Աբբային՝ Իրաքում Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Տ. Ներսես Թ. ծայրագույն վարդապետ Զաբարյանի ուղեկցությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվության վարչությունից։
Ասորի եկեղեցիների առաջնորդները ողջունեցին դեսպան Փոլադյանի նշանակումը Իրաքում՝ մաղթելով նորանոր հաջողություններ իր դիվանագիտական առաքելության ընթացքում։ Այնուհետև, ասորի հոգևոր առաջնորդները ներկայացրին Իրաքում ազգային և կրոնական միջհամայնքային փոքրամասնությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով Իրաքում Հայ առաքելական եկեղեցու Իրաքի Հայոց թեմի և նրա առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի անգնահատելի դերն այս գործում՝ հատկապես պատերազմական և դրան հաջորդած ժամանակահատվածում։
Փոխանցելով իրենց ողջույններն ու բարեմաղթանքները Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ հոգևոր առաջնորդներն ընդգծեցին Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրաքյան իշխանությունների պետական հոգածությունը՝ կարևորելով հատկապես հայ-ասորական դարավոր բարեկամությունն, ինչպես նաև իրաքյան բազմակրոն խճանկարում երկու ժողովուրդների և քույր եկեղեցիների մշակութային ու հոգևոր կապերի զարգացման անհրաժեշտությունը։




























