Քաշմիրի պակիստանյան մասում «Ջաիշ-է- Մուհամմեդ» իսլամիստական կազմակերպության վարժանքների ճամբարին հասցված Հնդկաստանի ռազմաօդայի ուժերի ավիահարվածների հետեւանքով, «ամենայն հավանականությամբ, սպանվել են առնվազն 150-200 զինյալներ»՝ հայտնում է United News of India-ն։

Լրատվամիջոցի տվյալներով, զինվորականները լազերային ռումբեր են օգտագործել։ Հնդկական իշխանությունները նշում են օդային հարվածների կանխարգելիչ բնույթը եւ դրանք բացատրում են մահապարտների հարձակումները կանխելու անհրաժեշտությամբ։ Ավիահարձակման արդյունքում «ոչնչացվել են ահաբեկիչներ, հրահանգիչներ եւ հրամանատարության բարձրաստիճան անդամներ»՝ հստակեցրել է հնդկական կողմի ներկայացուցիչը։

Ավելի վաղ վերոնշյալ կազմակերպության իսլամիստներն իրենց վրա էին վերցրել Քաշմիրում փետրվարի 14-ի ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետեւանքով զոհվել էին 40 հնդիկ ուժայիններ։

Պակիստանը, որ առաջինն էր հայտնել ավիահարվածի մասին, ներկայացրել է տեղի ունեցածի վերաբերյալ իր վարկածը՝ հայտարարելով, թե նշված վայրում ահաբեկիչների ճամբար չի եղել։ Բացի այդ Իսլամաբադում իշխանությունները հերքում են զոհվածների առկայությունը։ Երկրի ԱԳՆ ղեկավար Շահ Մահմուդ Կուրեշին միջադեպն անվանել է «չհիմնավորված ագրեսիա, որին Պակիստանը կպատասխանի իր ժամանակին եւ իր տեղում»։

Անցյալ շաբաթվա վերջին ԶԼՄ-ները հայտնել էին Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ ռազմական բախման սպառնալիքի մասին։