ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղեկացրել է, որ Հնդկաստանի եւ Պակիստանի արտաքին գործերի նախարարների հետ խոսակցությունում կոչ է արել երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել եւ զերծ մնալ ռազմական գործողություններից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Պոմպեոյի հայտարարությունը, որը տարածել է ԱՄՆ պետդեպարտամենտը, արվել է հնդկա-պակիստանյան հարաբերությունների կտրուկ սրման եւ Հնդկաստանի ՌՕՈւ-ի կողմից պակիստանյան Քաշմիրում ահաբեկիչների ճամբարին ավիահարված հասցնելու համատեքստում։

«Փետրվարի 26-ին Հնդկաստանի հակաահաբեկչական գործողություններից հետո ես խոսել եմ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարաջի հետ, որպեսզի ընդգծեմ մեր սերտ գործընկերությունն անվտանգության ոլորտում եւ մեր ընդհանուր նպատակը՝ խաղաղություն եւ անվտանգություն պահպանել տարածաշրջանում։ Ես նաեւ խոսել եմ Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշիի հետ, որպեսզի ընդգծեմ ներկա լարվածության թուլացման առաջնահերթությունը ռազմական գործողություններից խուսափելու ճանապարհով եւ Պակիստանի կողմից իր տարածքում գործող ահաբեկչական խմբերի դեմ կառուցողական միջոցներ ընդունելու ահրաժեշտությունը»,- ասվում է Պոմպեոյի հայտարարությունում։

«Ես ասացի երկու նախարարներին, որ մենք կոչ ենք անում Հնդկաստանին եւ Պակիստանին զսպվածություն ցուցաբերել եւ ցանկացած գնով զերծ մնալ թեժացումից։ Ես նաեւ երկու նախարարներին կոչ արեցի առաջնահերթ ուշադրություն հատկացնել ուղղակի կապին եւ խուսափել հետագա ռազմական գործողություններից»,- նշել է պետքարտուղարը։

Երեքշաբթի առավոտյան  Հնդկաստանի ՌՕՈւ կործանիչները հարված էին հասցրել «Ջաիշ ե Մուհամադ» իսլամիստական խմբավորման մարզաճամբարին Քաշմիրի պակիստանյան հատվածում։ Օդային գործողության արդյունքում բազմաթիվ զինյալներ, ինչպես նաեւ նրանց պատկանող տրանսպորտը, զենքն ու զինամթերքը լիովին ոչնչացվել են։ Հնդկաստանի ԱԳ առաջին փոխնախարար Վիջայ Գոքհալեն ասել է, որ կանխիչ հարվածը «միանգամայն անհրաժեշտ էր», քանի որ խմբավորումը երկրի տարբեր շրջաններում գրոհներ էր պատրաստում մահապարտների մասնակցությամբ։ Բացի այդ, Նյու Դելիի կարծիքով, Պակիստանը ցայժմ չի նախաձեռնել որեւէ գործնական քայլ՝ ուղղված իր տարածքում ահաբեկիչների ենթակառուցվածքի վերացմանը։