Նկարիչ Մարկ Շագալի (1887-1985) աշխատանքները 6,15 մլն ֆունտ սթերլինգ (մոտ 8,2 մլն դոլար) ընդհանուր գումարով վաճառվել են Sotheby's աճուրդում: Այս մասին նշված է աճուրդի տան հաղորդագրության մեջ, որը երեքշաբթի ու չորեքշաբթի անցկացնում էր իմպրեսիոնիզմի, մոդեռնիզմի եւ սյուրռեալիզմի վարպետների ստեղծագործությունների վաճառք, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Շագալի ուշ շրջանի գործերից «Նկարիչը տոնակատարությանը» (Le peintre a la fete, 1982) նկարը վաճառվել է 1,75 մլն ֆունտ սթերլինգով (2,3 մլն դոլար)՝ նախապես գնահատված արժեքից 1 մլն ֆունտով ավելի: «Վարդերով սկահակը» (Vase de roses, 1929) գնել են 1,8 մլն ֆունտով (2,4 մլն դոլար), իսկ «Հարսնացուն» (La mariee, 1959)՝ 915 հազար ֆունտ սթերլինգով (1,2 մլն դոլարով):

Բացի յուղաներկով նկարված ստեղծագործություններից, աճուրդում ներկայացվել են Շագալի գուաշով աշխատանքները եւ գրաֆիկան: Այս լոտերի թվում ամենանշանակալին նկարչի ինքնագրով «Դափնիս և Քլոե» 42 լիտոգրաֆիայից կազմված ամբողջական հավաքածուն էր: Այն վաճառվել է 735 հազար ֆունտ սթերլինգով (980 հազար դոլար): Ինչպես նշված է լոտին կից փաստաթղթում, 1961 թվականին վառ լիտոգրաֆիայի շարքը տպագրվել է ընդամենը 60 օրինակ տպաքանակով, որոնցից մեկն էլ առաջարկվել է հավաքորդներին:

«Դափնիս և Քլոե» շարքը, որով նկարազարդվել է մ.թ. II դարի հունական վեպը, ստեղծվել է 4 տարի շարունակ: Պատվիրատուն փարիզյան հրատարակիչ հույն Էժեն Տերիադն էր, որի հայրենիքում՝ Լեսբոս կղզում Շագալն աշխատելիս ոգեշնչվել է: Ավելի վաղ Տերիադի պատվերով Շագալը ստեղծել է նաեւ Նիկոլայ Գոգոլի (1809-1852) «Մեռած հոգիների» նկարազարդումը:

Երկու օրվա սակարկությունների արդյունքում վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 109,1 մլն ֆունտ սթերլինգ (մոտ 144 մլն դոլար):