Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ցանկանում է, որպեսզի «բրեքսիթը» տեղի ունենա մինչեւ մայիսի վերջին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունները։ Նա կարծում է, որ ԵՄ-ը լքելու մտադրություն ունեցող Բրիտանիայի մասնակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններին անհեթեթ կլինի, տեղեկացնում է AP-ը։

Նա նշել է, որ եթե Լոնդոնը ցանկանա բրեքսիթը հետաձգել, որը պետք է կայանա մարտի 29-ին, ապա Վիեննան կաջակցի նրան։ Սակայն Կուրցը նշել է, որ պարզեցված բրեքսիթը, իդեալական պատկերացմամբ, պետք է տեղի ունենա մինչեւ ընտրությունները, «որովհետեւ Եվրամիությունը լքել ցանկացող երկրի մասնակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններին ավելի քան անհեթեթ կլինի»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանին առաջարկել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի՝ մարտի 29-ին նախատեսված դուրս գալը հետաձգել, եթե օրենսդիրները հավանություն չտան բրեքսիթի վերաբերյալ նրա համաձայնագրին։ ԵՄ պաշտոնյաներն ասում են, որ եթե Մեծ Բրիտանիան մնա ԵՄ-ում մինչեւ մայիսի 23-26-ի Եվրախորհրդարանի ընտրությունները, ուրեմն պետք է մասնակցի դրանց։