ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին կոչ է արել չեղարկել ԱՄՆ-ից ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքի մաքսատուրքերը, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առաջնորդի Twitter-յան գրառումը:
«Ես Չինաստանին խնդրել եմ անմիջապես չեղարկել մեր գյուղարտադրանքի (ներառյալ տավարի, խոզի մսի եւ այլն) համար սահմանած բոլոր սակագները»,- նշել է Դոնալդ Թրամփը:
Նա հայտարարել է, որ իր խնդրանքը հիմնված է այն փաստի վրա, որ Չինաստանի հետ «բանակցությունները հոյակապ են ընթանում», ինչպես նաեւ այն բանի վրա, որ անցյալ շաբաթ ինքը հետաձգել է չինական արտահանման մաքսատուրքերի նախատեսված բարձրացումը:
«Սա անչափ կարեւոր է մեր մեծագույն ֆերմերների եւ ինձ համար»,- եզրափակել է նա:
Reuters-ի տեղեկություններով՝ Չինաստանն ու Միացյալ Նահանգները 10 միջոց են քննարկում, որոնք Չինաստանին թույլ կտան կրճատել Միացյալ Նահանգների հետ առեւտրային պրոֆիցիտը՝ ներառյալ գյուղատնտեսական արտադրանքի, էներգիայի եւ այլ ապրանքների գնումը:
Երկու երկրների ներկայացուցիչները բանակցությունները շարունակում են: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ երկու երկրները առեւտրային բանակցություններում առաջընթացի են հասել:





























