Անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը խոստացել է ուժեղացնել Կուբայի, մասնավորապես՝ նրա զինվորականների եւ հետախուզության վրա տնտեսական ճնշումը՝ «Վենեսուելայում նրանց դերի» ուժեղացման պատճառով՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ԱՄՆ-ը Վենեսուելայի նախագահ էր ճանաչել ընդդիմադիր Խուան Գուայդոյին։ Վենեսուելայի իշխանությունները հայտարարել էին երկրի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտության եւ պատրաստվող հեղաշրջման մասին։

«Կուբայի դերը Վենեսուելայի ժողովրդավարության բռնագրավման եւ հետապնդումների ակտիվացման հարցում պարզ է։ Ահա թե ինչու է ԱՄՆ-ը շարունակում ֆինանսական սահմանափակումներ դնել Կուբայի զինված ուժերի եւ հետախուզության վրա։ Տարածաշրջանի ժողովրդավարական պետությունները պետք է դատապարտեն Կուբային»,- ասել է Բոլթոնը։