ԵՄ-ից գործընկերների հետ հանդիպման ընթացքում հայկական կողմը պատրաստվում է հանդես գալ նոր նախաձեռնություններով, որոնք մեզ բարեփոխումների սկսվող գործընթացին նպաստելու հնարավորություն կտան։ Այս մասին Euractiv կայքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվրոպական էթիկայի եւ բիզնեսի մշակույթի ներդրումը որոշ շրջաններում կամրապնդի մեր հնարավորությունները եւ կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը։ Ես վստահ եմ, որ մեր եվրոպական գործընկերները դրականորեն կարձագանքեն մեր ծրագրերին»,- նշել է նա՝ մեկնաբանելով Բրյուսել այցի նպատակը։
«Այն հարցին, թե սխալ էր արդյոք ԵՄ-ի հետ համաձայնագիր չստորագրելու Սերժ Սարգսյանի որոշումը, Փաշինյանը պատասխանել է․ « Ես ավելի թափանցիկ քաղաքականության կողմնակից եմ, քան Հայաստանը նախկինում էր։ Այսօր, համագործակցելով ԵՄ-ի հետ, մենք մշտապես մեր եվրոպացի գործընկերներին տեղեկացնում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր համագործակցության մասին, եւ հակառակը։ Ավելին, փորձում ենք կամուրջ հանդիսանալ այդ երկու միությունների միջեւ։ Լինելով ժողովրդավարության ասպարեզում տարածաշրջանային առաջնորդ, Եվրոպական տնտեսական միության լիիրավ անդամ, որ ստորագրել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համընդգրկուն եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, մենք կարող ենք «մեր ներդրումն ունենալ տարատեսակ տնտեսական նախաձեռնություններում»։
«Նույնիսկ չլինելով լիարժեք վավերացված՝ այդ համաձայնագիրը թույլ է տալիս նախաձեռնել եւ իրականացնել տարբեր նախագծեր։ Այն արդեն վավերացրել են ԵՄ անդամ տասը երկրներ։ Մենք հուսով ենք, որ տարեվերջին փաստաթուղթը ամբողջովին ուժի մեջ կմտնի»,- հավելել է Փաշինյանը։





























